ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«ԱՅՍ ԿԱԶՄՈՎ ՈՒ ԱՅՍՊԻՍԻ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԿՈԱԼԻՑԻԱՆ ԿԱՇԽԱՏԻ ՄԻՆՉԵՎ ՀԱՋՈՐԴ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

«ԱՅՍ ԿԱԶՄՈՎ ՈՒ ԱՅՍՊԻՍԻ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԿՈԱԼԻՑԻԱՆ ԿԱՇԽԱՏԻ ՄԻՆՉԵՎ ՀԱՋՈՐԴ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
11.12.2009 | 00:00

ԱՐԾՐՈՒՆԻ ԱՂԱՋԱՆՅԱՆ (ԱԺ ՕԵԿ խմբակցություն)
-Ամփոփենք քաղաքական տարին։
-2009-ը Հայաստանի համար դժվար տարի էր, ինչը, նախ և առաջ, պայմանավորված էր ֆինանսատնտեսական ճգնաժամով։ Սա լուրջ ազդեցություն ունեցավ Հայաստանի տնտեսության վրա։ Ցավոք, ՀՆԱ-ն նվազեց 17-18 տոկոսով, ինչը բացասական հետք թողեց բնակչության սոցիալական վիճակի վրա։ Սակայն վարկային միջոցների շնորհիվ հնարավոր եղավ սոցիալական ոլորտի որոշ ծախսեր լիարժեք իրականացնել, և կառավարությունը կարողացավ ստեղծված դժվար վիճակից ելքեր գտնել։ 2009-ին տեղի ունեցան նաև լուրջ իրադարձություններ արտաքին քաղաքականության մեջ։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը միտված Հայաստանի նախագահի նախաձեռնողական քաղաքականության շնորհիվ ստորագրվեցին արձանագրությունները։ Ֆինանսական առումով էլ, կարելի է ասել, արդեն կայունացման փուլում ենք, այսինքն` անկումը կանգ է առել։ 2010-ի բյուջեում նոր միջոցներ են ներգրավվելու։
-Այս մեկ տարվա ընթացքում, լինելով իշխանության մաս, ՕԵԿ-ը երբևէ չի՞ «փոշմանել», որ գործում է հենց այս դաշտում։
-Մեզ համար կոալիցիա կազմելն ինքնանպատակ չէր։ Մենք նպատակ ունեինք մեր ծրագրերը կյանքի կոչելու։ Այն հուշագիրը, որ ստորագրվեց, ներառեց բոլոր այն ծրագրերը, որոնք մեր հասարակությանը խոստացել էինք իրականացնել։ Ասել է` չենք «փոշմանել»։
-2010-ի բյուջեում ՕԵԿ-ի առաջարկները հաշվի չեն առնվել։ Կառավարությունից «նեղացած» չե՞ք։
-Ձեր ասածը վերաբերում է բյուջեի նախնական նախագծին։ Մինչև երեկ մենք քաղաքաշինության նախարարության հետ բանակցություններ էինք վարում, ճշգրտում մեր առաջարկությունները։ Ինչպես ԱԺ-ում են ասում, նոր «լավաշը»` առաջարկությունների փաթեթը, վերստին կներկայացվի, ու կտեսնեք, որ ՕԵԿ-ի առաջարկների գերակշիռ մասը ևս ընդգրկված է դրանում։
-2010-ի Ձեր կանխատեսումները։
-Շատ կարևոր է կառավարության հարկաբյուջետային ճիշտ քաղաքականությունը եկամուտների ապահովման ուղղությամբ, քանի որ այստեղ դեռ ճշգրտումների խնդիր կա։ Արտաքին գործոնները ևս ազդում են տնտեսության զարգացման վրա։ Լավատեսությամբ եմ ուզում ամփոփել տարին` հույս հայտնելով, որ կառավարությունն անում է հնարավոր բոլոր քայլերը, որպեսզի 2010-ը լինի զարգացման նախադրյալների տարի։
-Ի՞նչ եք կարծում, մինչև հաջորդ տարվա վերջ կոալիցիան այս նույն կազմով կպահպանվի՞։
-Այսօր և՛ միջազգային կազմակերպությունները, և՛ գերտերություններն ընդգծում են Հայաստանի քաղաքական, տնտեսական կայուն վիճակը։ Միջազգային ասպարեզում Հայաստանն իր ուրույն տեղն է զբաղեցնում` ուրույն քայլեր կատարելով։ Այն վարկերը, որոնք այդ կազմակերպությունները և գերտերությունները տրամադրում են Հայաստանին, վկայում են մեր երկրի բարձր վարկանիշի մասին։ Սա ենթադրում է, որ այս կազմով ու այսպիսի աշխատանքով կոալիցիան կաշխատի մինչև հաջորդ ընտրություններ։
Ճեպազրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1326

Մեկնաբանություններ